14-01-2026 | 15:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմն անցած մի շարք հոգևորականների գործողությունները Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ չի կարելի դիտարկել բացառապես որպես ներքաղաքական գործընթաց։ Այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերին եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին։
Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի խորքային և գլոբալ բնույթ ունի։
«Այստեղ հարցը եկեղեցին ու Նիկոլ Փաշինյանը չեն։ Թիրախավորված է ամբողջ ուղղափառ քրիստոնեական աշխարհը, որի կարևոր սյուներից մեկը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին է»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Նահապետյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայում իրականացվում է ծրագիր, որի նպատակն է Հայաստանում մեր եկեղեցուց մի բեկոր ստեղծել և այն ներկայացնել որպես «նոր եկեղեցի»՝ անվան մեջ ընդգծելով «Հայաստանը»։ Նրա խոսքով՝ նույն սցենարն արդեն կիրառվել է Ուկրաինայում։
«Ուկրաինայում կար ուկրաինական ուղղափառ եկեղեցի, ստեղծեցին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի։ Այժմ նույնը փորձում են իրականացնել Հայաստանում»,- ասաց է Նահապետյանը։
Նրա պնդմամբ՝ Հայաստանում փորձ է արվում 12 թեմերի հիման վրա ձևավորել նոր եկեղեցական կառույց՝ փաստացի մասնատելով Հայ առաքելական եկեղեցին։
«Ծրագիրն այսպիսին է․ մեր եկեղեցուց ստեղծել նոր կառույց։ Սա ցույց է տալիս, թե ինչ հզոր և կազմակերպված ուժեր են աշխատում Հայաստանյայց եկեղեցին մասնատելու ուղղությամբ»,- ընդգծում է քաղաքագետը։
Նահապետյանի համոզմամբ՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում եկեղեցական կառույցների մասնատմամբ շահագրգիռ են գլոբալիստական ուժերը։
«Ովքե՞ր էին շահագրգռված, որ ուկրաինական ուղղափառ եկեղեցին մասնատվի։ Բնականաբար՝ գլոբալիստները»,– նշեց նա։
Անդրադառնալով պայքարի ընթացքին՝ քաղաքագետը վստահեցնում է, որ գործընթացը դեռ ավարտված չէ, և ամեն ինչ կախված է դիմադրության որակից։
«Պայքար է գնում։ Ճշմարտությունը մեր եկեղեցու, Վեհափառ Հայրապետի կողմն է։ Եթե համարժեք և ճիշտ դիմադրություն կազմակերպվի, կարծում եմ՝ նրանք կձախողվեն, ինչպես դա եղավ դեկտեմբերի 18-ին»։
www.aysor.am