
19-05-2025 | 12:09
Հայաստանի ներկայիս իշխանությունը չի կարողանում նորմալ բանակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ, չի կարողանում կազմակերպել պետական համակարգը, որպեսզի այն պատրաստվի հերթական, անխուսափելի պատերազմին: Բայց վարչապետն իր ձախողումները փորձում է քողարկել «պատմական» եւ «իրական» Հայաստանի մասին անիմաստ, հակագիտական եւ հակապետական խոսակցություններով: Կարծում եմ, ցանկացած բանական մարդուն պարզ է, որ «իրականը» պայմանավորված է «պատմականով» եւ հակառակը: Ի՞նչ կասեին Իսրայելի քաղաքացիները, եթե այնտեղ որեւէ քաղաքական գործիչ ասեր, որ Թորայում խոսվում է պատմական Իսրայելի մասին, եւ ներկայիս Իսրայելը Մովսեսի Հնգամատյանի հետ ոչ մի գործ չունի:
Այդ քաղաքացիները լավագույն դեպքում կծիծաղեին: ԱՄՆ-ում, այո, հնարավոր է, որ լինի ինչ-որ մարգինալ խմբակ, որը կասի, թե ժամանակակից Ամերիկան որեւէ կապ չունի «Բլրի վրա քաղաքի» պատումի հետ: Բայց այնտեղ կան նաեւ Կոլումբոսին մերժող կամ Երկրագունդը տափակ համարող խմբեր: Ազատ երկիր է, որը հանդուրժում է նաեւ տարաշխարհիկ հայացքներ ունեցող մարդկանց: Բայց Ջորջ Վաշինգթոնից կամ Աբրահամ Լինքոլնից հրաժարվելը չի կարող այնտեղ «մեյնսթրիմային» լինել:
Ճիշտն ասած, չեմ էլ հավատում, թե Փաշինյանը հավատում է «իրականի» եւ «պատմականի» հակադրությանը: Խոսք է, ասում է՝ իր անճարակությունն արդարացնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես «նախկինացավը»՝ «եթե այդքան խելոք էիք՝ ձեր վախտերն այդ խնդիրները լուծեիք»: «Նախկիններն» իսկապես բազմաթիվ հարցեր չեն կարողացել լուծել: Բայց նրանց չլուծած խնդիրները չեն համեմատվի այն աղետալի խնդիրների հետ, որոնք առաջացել են այս 6 տարվա ընթացքում: Փաշինյանի օրոք մենք կորցրել ենք միանգամայն իրական Արցախը եւ միանգամայն իրական Հայաստանի Հանրապետության մի մասը: Միանգամայն իրական տասնյակ հազարավոր հայեր դարձել են փախստական:
Տավուշում տարածքներ հանձնելու դեպքում իրական Հայաստանի իրական բնակիչներին մահացու վտանգ է սպառնալու: Ընդ որում, այդ կեղծ «սահմանազատման» դիմաց Ադրբեջանն ամենեւին էլ չի խոստանում «սահմանազատվել» Սյունիքում, Վայքում եւ Գեղարքունիքում ու հեռանալ իրական Հայաստանի տարածքներից:
Այդպես որ մեր կորուստներն ավելի քան իրական են: Եվ «պատմական Հայաստանն» այստեղ մեղք չունի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»