
24-05-2025 | 11:22
Վերջին տարիներին Հայաստանում բավականաչափ ակտիվացել է գորգագործությունը, աճել է այդ արհեստով հետաքրքրվողների թիվը: Այս մասին NEWS.am–ի գիտահանրամատչելի «Բա իմացար» ալիքի մշակութային նախագծի շրջանակներում նշեց «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը՝ նշելով, այսօր Հայաստանում գորգագործությունը վերածնունդ է ապրում:
Նրա խոսքով, որքան էլ որ զարմանալի հնչի, երեխաներին այսօր էլ ավելի հետաքրքիր է գորգագործությունը:
«Երբ ծնողների ուղղորդմամբ երեխաները գալիս են «Ժողովրդական արվեստի հանգույց», մի քանի դաս հետո արդեն դժվարությամբ են բաժանվում այստեղից: Սկզբնական շրջանում դասընթացի նպատակը երեխաներին գորգագործություն սովորոցնելն էր, այսինքն այստեղ նրանք զրոյից սովորում են գորգ հյուսելու տեխնիկան, սակայն հետաքրքրութունն այնքան մեծ էր, որ շարունակեցին սովորել կարպետագործություն ևս: Նրանց այնքան է դուր գալիս իրենց ձեռքով ստեղծել, արարել, որ դասընթացները երկարում են և մի քանի տարի շարունակ մեր երեխաները հաճախում են դասընթացներին»,-ասաց մեր զորւցակիցը:
Հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի գորգագործությունը գրավիչ դառնա նաև երիտասարդների շրջանում, Հովհաննիսյանն ասաց.
«Կարծում եմ, հայկական գորգարվեստը պետք է ներկայացնել նորովի, հասկանալ դրա կարևորությունը, գիտակեցել թե ի՞նչ գիտելիք է տվել ձեռագործ գորգը ստեղծելու այդ ամբողջ պրոցեսը մեր նախնիներին, ինչպե՞ս է կրթել մարդկանց: Երբ հասկանանք ու գնահատենք ձեռագործ աշխատանքի կարևորությունը, գրավիչ կդառնա նաև գորգարվեստը»:
Անդրադառնալով աշխարհում հայկական գորգերի հանրահռչակման, տարածման ուղղությամբ իրականացվող քայլերին, Հովհաննիսյանն ասաց, որ հարկավոր է պետական կոնկրետ ռազմավարություն՝ ծրագիր:
«Ցավոք, մեր հարևանները շատ լավ են աշխատում այս ոլորտում և, անշուշտ պետք է ոչ միայն մենք ճանաչենք մեր արհեստը, այլ նաև լավ ներկայացնենք այն աշխարհում։ Երբ մենք ճանաչենք և արժեվորենք մեր ունեցածը, դրանից հետո արդեն կկարողանանք ներկայացնել, բայց դրա համար անհատները քիչ ենք: Պետք է պետական ծրագիր, որով կկարողանանք ներկայացնել, դա պետք է լինի գրքերի հրատարակությունով, տարբեր դասախոսությունների, կոնֆերանսների մասնակցության միջոցով և այլն, որովհետև դրսում, որան էլ ցավալի է, հայկական գորգի մասին վաղուց արդեն մոռացել են, այսինքն հայերի՝ գորգագործությամբ հայտնի ժողովուրդ լինելու մասին քչերը գիտեն»,-նշեց Հովհաննիսյանը:
www.news.am