08-10-2024 | 13:49
Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, որին մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ բուժման նպատակով տեղափոխում էին Հայաստան»։
Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»,- ասված է պատասխանում։
Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը․ «Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,- նշում են պետքարտուղարությունից։
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնորդվում է այս նպատակով»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։