14-10-2024 | 14:26
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Ադրբեջանի պահանջներին ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները, որոնք ներառված են Հայաստանի գործող սահմանադրության մեջ, մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»․ նշել է Ամիրբեկովը։ Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ․
«Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ… Այսպիսով, մենք որոշեցինք հանել այն տեքստից, բայց դեռ կարող ենք արտացոլել այն փաստը, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ ապագայում՝ քննարկելու և համաձայնության գալու համար»,- ասել է նա։
Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Հայաստանի Սահմանադրությունը:
«Տարածված կարծիք կա, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ ավարտել խաղաղ բանակցությունները և, հնարավոր է, նոյեմբերին ստորագրել համաձայնագրի նախագիծը ԿՈՊ29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա առանց հղում կատարելու Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։
Ավելին, ես կարծում եմ, որ նման բան կարող է անարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագիծը հապճեպ ստորագրելու դեպքում, եթե իրավական խոչընդոտները պահպանվեն, նրանք կարող են թույլ տալ Հայաստանին վերակենդանացնել իր տարածքային հավակնությունները ապագայում, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի իրենց օգտին», - ասել է նա։
Փաշինյանն այս տարվա սկզբին հայտարարեց, որ երկրին բոլորովին այլ հիմնական օրենք է պետք։ Երկու ամիս առաջ ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել էր մշակել և հաստատել փաստաթղթի նախագիծը մինչև 2026 թվականի ավարտը։
Ամիրբեկովի խոսքով ՝ Փաշինյանն ադրբեջանական կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է նաև այդ հարցը: «Հիմա նա ուզում է փաստարկ ներկայացնել, որ սա քաղաքականապես շատ ծանր գործընթաց է, կամ որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, սա նույնպես տարբերակ է, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։ Քանի որ ակնհայտ է, որ մենք չպետք է շտապենք և ստորագրենք մի թուղթ, որը կարող է չեղյալ համարվել նոր կառավարության կողմից: Եթե Հայաստանը ցանկանում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն ու իրավունքն է, խոսքը նախաբանի փոփոխության մասին է, դրա համար տարիներ պետք չեն քննարկումների համար»,- ասել է նախագահի հատուկ ներկայացուցիչը։