
06-02-2025 | 15:18
Հինգշաբթի օրը՝ հունվարի 30-ին, ՌԴ Պետդուման դիմում է հղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կապված ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սպանության կազմակերպման քննարկման մասին տեղեկությունների հետ: Փաստաթուղթը նաև ուղարկվել է Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)՝ ինչպես նշվում է Ռուսաստանի Պետական Դումայի հաղորդագրության մեջ։
«Պետդուման ծայրաստիճան վրդովմունքով և միևնույն ժամանակ ամենայն լրջությամբ ընդունեց ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի տեղեկատվությունը, ով հայտարարել էր, որ Ջո Բայդենը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում, և նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի սպանության կազմակերպման հարցը»,- ասված է դիմումի տեքստում։
«Ռուսաստանի Դաշնության Նախագահի ֆիզիկական վերացման հարցի քննարկումը կարող է որակվել որպես միջազգային պետական ահաբեկչություն»,- ասվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, ռուս պատգամավորների կարծիքով, Ջո Բայդենի և Էնթոնի Բլինքենի որևէ արձագանքի բացակայությունը Թաքեր Կարլսոնի հայտարարությանը կարելի է համարել «որպես նրանց մեղավոր լինելու և պատասխանատվությունից խուսափելու մտադրության ապացույց»։
«Պետության ղեկավարի սպանության կազմակերպման քննարկումը հանցագործություն է։ Ավելին, դա լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար և կարող է հանգեցնել համաշխարհային միջուկային պատերազմի»,- նշվում է նաև հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախօրեին այս հարցը քննարկվել է Պետդումայի լիագումար նիստի ժամանակ։