08-12-2024 | 15:58
Ռուսաստանին կասկածում են այն ինքնաթիռի արբանյակային ազդանշանը խլացնելու մեջ, որով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը վերադառնում էր Լեհաստանից։ Այս մասին Reuters-ին հայտնել են բրիտանական կառավարության աղբյուրը և այն լրագրողները, ովքեր եղել են Շապսի պատվիրակության կազմում:
Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ ինքնաթիռում GPS ազդանշանն արգելափակվել է մոտ 30 րոպեով, երբ ինքնաթիռը թռչում էր Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի վրայով։ Նրանք հավելել են, որ բջջային հեռախոսներով այդ ընթացքում չեն կարողացել միանալ ինտերնետին, ուստի գտնվելու վայրը որոշելու համար ստիպված են եղել այլընտրանքային մեթոդներ կիրառել:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել իրավիճակը։
Գերատեսչության զրուցակիցը The Times-ին տված մեկնաբանությունում ասել է, որ բրիտանական ավիացիան նման խափանումների դեպքում գործողությունների ալգորիթմ ունի, սակայն դրանք «չհիմնավորված ռիսկ են ստեղծում քաղաքացիական ինքնաթիռների համար և կարող են սպառնալ մարդկանց կյանքին»։