20-01-2026 | 16:17
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Թեքեյան մշակութային միության անունից շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Ծննդյան և Ամանորի գալստյան առթիվ՝ բարեմաղթելով խաղաղություն, հոգևոր զորություն և անսպառ երկնաշնորհ լույս։
Անցնող տարին մեր երկրի ու ժողովրդի համար եղել է փորձության, բևեռացումների և հոգևոր խռովության շրջան։ Հայաստանի իրականության մեջ մեծացել է անորոշությունը, իսկ հասարակությունը հաճախ կանգնած է եղել իր ինքնության հիմքերը վերաիմաստավորելու դժվար խաչմերուկներում։ Այս ամենի մեջ Ձեր հայրապետական խոսքը, Մայր Աթոռի ջահակիր ծառայությունը և եկեղեցու անվեհեր ներկայությունը մնացել են այն հենասյուները, որոնք պահել են մեր հավատավոր ժողովրդին միասնականության և զատորոշման ուղու վրա։
Այս օրերին, երբ բարեպաշտ հասարակության միտքն ու հոգին բեռնավորված է շուրջ ստեղծված անհանգիստ զարգացումներով, մենք առավել խորությամբ ենք զգում, որ հայ ժողովրդի ողջ պատմությունն ապացուցել է՝ եկեղեցին չի սահմանվում ժամանակաշրջանների փոթորիկներով, այլ՝ հավատքի ժառանգությամբ, որը ոչ ոք չի կարող խաթարել։ Էջմիածնի հոգևոր լույսը դարեր շարունակ եղել է ազգի հոգևոր շունչը, և այսօր էլ շարունակում է անսասան մնալ։
2025 թվականի փորձությունները մեզ հիշեցրին, որ միայն համազգային աղոթքն ու հոգևոր սթափությունը կարող են պահել ինքնության մեր ամրոցը։ 2026 թվականը դիմավորում ենք վստահությամբ, որ Ձեր առաջնորդությամբ Վեհափառ Տեր, մեր եկեղեցին կշարունակի ազգապահպան առաքելությունը՝
առաջնորդելով ժողովրդին դեպի միասնություն, հաշտություն և վերականգնման ճանապարհ։
Թող գալիք տարին լինի վերազարթոնքի ու փոխընկալման տարի՝ ամոքելով բաժանումները, լուսավորելով մտքերը և զորացնելով հավատը։ Թող Աստծո խաղաղությունը բնակվի մեր հայրենիքում, և մեր ժողովուրդը հաստատուն մնա իր կոչման մեջ՝ հավատով, կամքով ու ազգային արժանապատվությամբ։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր, Վեհափա՛ռ Տեր։ Ձերդ Սրբությանը մաղթում եմ քաջառողջություն, երկարամյա ծառայություն և երկնային զորակցություն՝ մեր հավատավոր ժողովրդին առաջնորդելու իր փորձություններով լի, բայց նաև Աստծո անսպառ լույսով լուսավորված ճանապարհին։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ աջոյն՝
Ի դիմաց՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության
ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ