08-12-2024 | 15:58
Շվեդիայում դամբարաններ ուսումնասիրող հետազոտողները սկզբում տարակուսել են այն փաստից, որ գտել են Սկանդինավիայում երբևէ հայտնաբերված ամենահին քարե «դոլմեններից» մեկը, սակայն հետո նրանց ուշադրությունը գրավել է մեկ այլ հանգամանք՝ գերեզմաններում գանգեր և ազդրոսկրեր չեն եղել, գրում է Popular Mechanics-ը։
«Հնարավոր է՝ դրանք դուրս են բերվել գերեզմաններից։ Չգիտենք՝ դա կապված է թաղման ծեսերի հետ, թե դրա հետևում այլ բան կա թաքնված», - ասել է հնագետ Կարլ-Գորան Սյոգրեն:
Գիտնականները կարծում են, որ Շվեդիայի Տիարփի դամբարանը, որը թվագրվում է վաղ նեոլիթյան ժամանակաշրջանին՝ մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականին, անձեռնմխելի է մնացել քարե դարից ի վեր, բայց այդ ընթացքում ինչ-որ մի բան է պատահել գանգերի հետ։ Դամբարանում եղել են ձեռքերի և ոտքերի բազմաթիվ ոսկորներ, կողոսկրերի մնացորդներ և օրգանական ավելի փոքր տարրեր, ինչպիսիք են ատամները, սակայն ավելի մեծ ոսկորներն ավելի քիչ են եղել։
Հայտնագործության վերաբերյալ «Neolithic Archaeology»-ում հրապարակված ուսումնասիրությունում նշվում է, որ ըստ Գյոթեբորգի և Քիլի համալսարանների հետազոտական թիմի՝ «ծիսական արարողակարգերը» կարող են դեր խաղացալ լինել այս հարցում։
Ոսկորների փորձարկումը ցույց է տվել, որ առկա են առնվազն մեկ տասնյակ մարդկանց մնացորդներ՝ նորածիններից մինչև տարեցներ: Այդուհանդերձ, չկան հիմքեր եզրակացնելու, որ նրանք մահացել են գլխատման հետևանքով:
Տիարփում հայտնաբերված դամբարանը եզակի է։ Նախ, այն հավանաբար 200 տարով ավելի հին է, քան այդ տարածքում հայտնաբերված մյուս դամբարանները, ինչն այն դարձնում է ամբողջ Սկանդինավիայի ամենահին դամբարաններից մեկը:
Հավանականություն կա, որ Տիարփի դոլմենում թաղված մարդիկ ֆերմերներ են եղել, սակայն հետազոտական թիմը լրացուցիչ տեղեկություններ է ցանկանում ստանալ։ Նրանք նախատեսում են ուսումնասիրել առկա ԴՆԹ նմուշները՝ կմախքի մնացորդների մասին ավելին իմանալու համար։