17-09-2024 | 08:28
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել այն տեղեկատվությունը, թե Հայաստանի հինգ մարզերից ՌԴ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասին պայմանավորվածության շրջանակում:
Նրա խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից:
«Սուտ է»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից ՝ կապված նրանց կողմից առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ:
Ավելի վաղ թերթերից մեկը գրել էր, որ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում ինքնիշխանության պաշտպանության առումով, Ալիևի հերթական պահանջն է։