14-01-2026 | 15:50
Կրթության, գիտության, մշակույթի, և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Տավուշի մարզում իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թելիկ» սոցիալ մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում վերականգնվել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության քիչ հայտնի, սակայն արժեքավոր ուղղություններից մեկը՝շուլալ կարպետագործությունը: Ծրագիրն իրականացվել է Իջևան,Աչաջուր,Գանձաքար և Խաշթառակ համայնքներում՝ներգրավելով տարբեր տարիքի 60 կանանց:Նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալ կարպետի պատմությանը, տեխնիկական առանձնահատկություններին և գործման ավանդական մեթոդներին՝միաժամանակ ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված կարպետներ և ձեռարվեստի բազմազան նմուշներ:
«Շուլալ կարպետը լայն տարածում է ունեցել Տավուշի մարզում, սակայն խորհրդային շրջանում այն աստիճանաբար դուրս է մնացել գործածությունից: Մինչ այժմ մշակութային կրթության համակարգում հիմնականում ուսուցանվել է գորգագործությունն ու դասական կամ երկկողմանի կարպետագործությունը, իսկ շուլալ և մյուս տեսակները մնացել են անտեսված: Մեր նպատակը ոչ միայն շուլալ կարպետի պահպանությունն է, այլև դրա հանրահռչակումը և սերնդեսերունդ փոխանցումը»,-ասաց Հասմիկ Մարգարյանը:
Ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են. շուլալ կարպետի տեխնիկան արդեն ուսուցանվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում, իսկ հանրության շրջանում ձևավորվում է տարբերակված մոտեցում հայկական կարպետների տեսակների նկատմամբ:
«Ֆինանսավորման շարունակության դեպքում նախաձեռնությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Տավուշի մարզի այլ համայնքներ, այնուհետև նաև Հայաստանի տարբեր մարզեր: Ներկայում «Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպությունն ունի հինգ աշխատակից և շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը»,-եզրափակեց Հասմիկ Մարգարյանը:
www.armenpress.am