06-12-2025 | 18:33
Այսօր վաղ առավոտից միաբանները ժողովի են մասնակցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը Մայր Աթոռի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Գիշերվանից կապի մեջ ենք Մայր Աթոռի միաբանների հետ։ Մայր Աթոռը հոգևոր դասի որոշ տարբերակում ունի՝ միաբաններ, եպիսկոպոսներ և այլն, 56 եպիսկոպոսներից 8-ը գնացել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և իրենց հավատարմությունն են հայտնել ընդդեմ մեր Մայր Աթոռի դեմ շարժման։ մենք որպես հավատացյալներ, որպես ՀԱՍԵ հավատարիմ հետևորդներ երեկոյան եկանք այստեղ, որովհետև Մայր Աթոռից ահազանգ ենք ստացել, որ վտանգներ են սպառնում եկեղեցուն։ Հանդիպել ենք Մայր Աթոռի միաբանների հետ, ստացել ենք Վեհափառի օրհնությունը։ Միաբաններն ասել են, որ մեր իրավունքն է հավատացյալների հետ այստեղ լինել, բայց ասացին, որ եկեղեցին ունի իր զավակների կարիքը, որովհետև փաստացի Փաշինյանի կառավարությունը հիմա փորձում է ներսից Քանդել եկեղեցղին, գտնել այնպիսի մարդկանց, որոնք ունեն խոցելի տեղեր ու այդ կերպ քանդել եկեղեցին»,- հայտարարել է Հոխիկյանը Մայր Աթոռի բակում։
Նրա խոսքով՝ լուսաբացից միաբանների ժողով է Մայր Աթոռում, քննարկելու համար ուրացող եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցը, քանի որ հնարավոր է, որ Փաշինյանի հետ հանդիպման շտապած եպիսկոպոսները հայտարարությամբ հանդես գան ընդդեմ Մայր Աթոռի և Վեհափառի, փորձելով ներքին հեղափոխություն անել։ Վերջինս նաև նշել է, որ տեղեկատվություն կա, որ փորձ է արվելու Վեհափառին կալանավորել։
Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած սրբազաններին։ Հանդիպումը կայացավ նույն օրը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «շնորհակալություն» հայտնեց իր հետ հանդիպած եպիսկոպոսներին՝ «սկզբունքային դիրքորոշման» համար։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռի հայտարարությունից հետո։
Հանդիպման մասին պաշտոնական հայտարարությունից գրեթե րոպեներ առաջ Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կա եկեղեցական կանոն՝ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանավորից մինչև բարձրաստիճան՝ պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում՝ Հայոց Հայրապետի օրհնությունը։
« Եթե չկա այդ օրհնությունը, ապա նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին»,- նշել էր Հայր Ասողիկը։
www.pastinfo.am