16-01-2025 | 14:20
Մեր Հայրենիքի գողտիկ վայրերը.
Տնջրի Ծառ . Արցախ
Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել` որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջանագիծը հիմքում 27մ է, իսկ բարձությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։
Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել։