
13-02-2025 | 09:46
Թուրքիան դիտարկում է Թուրքմենստանից բնական գազի մատակարարումների կազմակերպման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ Իրանի, Ադրբեջանի տարածքով և խողովակաշարով՝ Կասպից ծովի հատակով։ Այս մասին «Foreks»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է հնարավորինս արագ կազմակերպել 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական «կապույտ վառելիքի» ներկրումը։
«Թուրքմենական գազի մուտքի առաջին այլընտրանքը Իրանի տարածքով փոխանակումն է։ Երկրորդ տարբերակը սվոփային մատակարարումն է Իրանի և Ադրբեջանի տարածքով, իսկ վերջինը՝ գազի մատակարարումը Կասպից ծովից հատակով՝ խողովակաշարով»,- պարզաբանել է նա։
Թուրքիայի էներգետիկայի գերատեսչության ղեկավարը նշել է, որ Կասպից ծովով խողովակաշարի անցումը թուրքմենական գազի մատակարարման ավելի երկարաժամկետ և կայուն լուծումն է։ Միևնույն ժամանակ, «վառելիքի ներկրման համար պայմանները հասունացել են», և Անկարան, ըստ նրա, գործնական իրականացման փուլում է։