08-12-2024 | 15:58
Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։
«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է 30-րդ անգամ՝ «Ագապի Շաքե Ղազարյան» հիմնադրամի հովանավորությամբ։
Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու տասնյակից ավել հեղինակ․ նրանց թվում էին ինչպես արվեստասերներին հայտնի, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ։ Ցուցադրության բացմանը ներկա էին մրցույթի մասնակիցները, ուսանողներ, մշակութասեր հանրություն։
ՀԹՄՄ կենտրոնական վարչության անդամ, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մասնակիցներին։ Վերջինս ղեկավարում է «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերի հանձնաժողովները, ինչպես նաև «Վահան Թեքեյան» մրցանակակիր է։
Նա ուրախալի համարեց ստեղծագործողների ակտիվ մասնակցությունը մրցույթին, որը առիթ է տալիս մտածել մրցութային ցուցադրությունը առավել մեծ ցուցասրահում կազմակերպելու մասին․ «Հանձնաժողովը դժվար է ընտրության առջև է։ Ներկայացված են ակադեմիական, ավանդական և վերացական արվեստի գործեր»,-հավելեց Արա Հակոբյանը։
Նա կարևորեց մրցույթին մասնակցությունը, որին մասնակցել և մրցանակների են արժանացել անվանի գեղանկարիչներ, իսկ մրցանակաբաշխությունը դարձել է մշակութային սպասված ձեռնարկ ստեղծագործողների համար։ Արա Հակոբյանն ընդգծեց նաև «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգի կարևորությունը, որը պահպանում է ազգային մշակույթի նկարագիրը, իսկ ստեղծագործությունների՝ շարքով ներկայանալու հանգամանքը վկայում է արվեստագետների բովանդակային մտածելակերպի, ստեղծագործական մտքի և գաղափարի մասին։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ։ Հոկտեմբերի 23-ին կկայանա նաև «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։
Նշենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է 5 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ և Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար։ Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կստանա 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Վահան Թեքեյան» պատվավոր մրցանակ։
«Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերի մասնակցիներն են՝
Արմեն Վանցյան,
Արփինե Մնացականյան
Աշոտ Ազատյան
Ռոբերտ Ասկարյան
Մարինե Գալստյան
Ինե Սերգեյան
Արմեն Առաքելյան
Մելքոն Հովհաննիսյան
Արամ Աղաջանյան
Արթուր Ավագյան
Տիգրան Բարխանաջյան
Էլզա Գալստյան
Արմինե Հովհաննիսյան
Լիլիթ Ռաշոյան
Մամիկոն Մխիթարյան
Մարինա Մամյան
Մանան Գարուկյան
Գոհար Մաճկալյան
Էլմիրա Չոփիկյան
Հերիքնազ Խաչիկյան