
23-05-2025 | 15:43
Կարդինալներն այսօր կհավաքվեն Սիքստինյան կապելլայում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու համար: Կոնկլավին կմասնակցեն 138 կարդինալներ աշխարհի տարբեր երկրներից։
Կոնկլավն ընթանում է մեծ գաղտնիության պայմաններում։ Կարդինալների որոշումը կմնա խիստ գաղտնի մինչեւ քվեարկության ավարտը, իսկ նոր պապը կընտրվի ձայների մեծամասնությամբ, թեկնածուն պետք է ստանա ձայների երկու երրորդը: Կոնկլավը սկսվում է Սուրբ Պետրոսի տաճարում առավոտյան պատարագով: Դրա ավարտի եւ նոր հովվապետի ընտրության մասին կհայտարարվի Սիքստինյան կապելլայի վերեւում գտնվող ծխնելույզի սպիտակ ծխի միջոցով: Ավելի վաղ ընտրություններից առաջ այդ նպատակով մատուռի վերեւում խողովակ է տեղադրվել։
Կոնկլավի ընթացքում այցելուների համար փակ կլինեն Վատիկանի այգիները, հնագույն հռոմեական նեկրոպոլիսը Via Triumfalis-ում եւ հենց Սիքստինյան կապելլան: Դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերաբացվի զբոսաշրջիկների համար, քանի որ նիստը կտեւի այնքան ժամանակ, որքան կպահանջվի հովվապետ ընտրելու համար:
Իտալական La Stampa-ն նշել է, որ առաջին անգամ Հռոմի նոր պապի ընտրությանը ներկա կարդինալների մեծամասնությունը կներկայացնի ոչ թե Եվրոպան, այլ Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի երկրները։ Հռոմի վերջին Ֆրանցիսկոս պապն առաջին արգենտինացին էր, որը ղեկավարել է Սուրբ Աթոռը, եւ նա փոխել է աշխարհագրական հավասարակշռությունը եկեղեցում եւ նշանակել ավելի քան 20 կարդինալների այն երկրներից, որոնք նախկինում ամբողջությամբ ներկայացված չեն եղել նման մակարդակում: Նրանց թվում են Ռուանդան, Կաբո Վերդեն, Մյանմարը, Մոնղոլիան եւ Հարավային Սուդանը: Ընդհանուր առմամբ, Ֆրանցիսկոսը ձայնի իրավունք ունեցող 138 կարդինալներից նշանակել է 108-ին կամ կոնկլավի գրեթե 80 տոկոսին: Վատիկանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ ստուգումներ են կազմակերպվել զբոսաշրջիկների կողմից սիրված տարածքների մուտքերում, անջատել են բջջային կապը՝ գործընթացի լիակատար գաղտնիությունն ապահովելու համար։
www.news.am