04-12-2024 | 21:56
Թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել պորտուգալացի աշխարհահռչակ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ նրան նշանակելով գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սովորաբար մարզիչները երկրպագուների այսօրինակ սիրուն արժանանում են հաղթանակից հետո, բայց ես այն զգում եմ նույնիսկ դրանից առաջ, հետևաբար սա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Ֆուտբոլը կիրք է և՛ ձեզ համար, և՛ մեզ համար։ Ես հավատում եմ, որ գտնվում եմ լավագույն վայրերից մեկում, որտեղ կարող եմ զգալ այդ կիրքը», – դիմել է երկրպագուներին Մոուրինյոն։
Պորտուգալացի մասնագետի նշանակումը նաև մեկնաբանել է թուրքական ակումբի սեփականատեր Ալի Քոչը։
«Սա կարևոր պահ է մեր ակումբի պատմության մեջ։ Մենք բոլորս, ներառյալ Ֆեներբախչեի միլիոնավոր երկրպագուները, ողջունում ենք Ժոզեին: Նրա մեծությունը, առանձնահատուկ մոտեցումն ու սերը գրավեցին ողջ աշխարհը», նշել է նա։
Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2021-ի մայիսից «Roma» գլխավոր մարզիչն էր։ 2022-ին «Roma» նվաճել է Եվրոպայի Կոնֆեդերացիայի լիգայի գավաթը, իսկ հաջորդ տարի դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Սակայն այս տարվա հունվարին ակումբը հայտնեց, որ պաշտոնանկ է արել Մոուրինյոյին։