10-11-2025 | 15:26
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի Թեքեյան մշակույթի միության անունից սրտի ամենախոր անկյունից վեր հառնած որդիական հարգանքով ու սիրով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան օրվա առթիվ։
Ձեր գահակալության ընթացքը մեր ժողովրդի հոգևոր կյանքի լուսավոր փարոսներից է։ Ձեր խոսքն ու ներկայությունը մեր ժամանակների բեկումնային շրջափուլերում դարձել են հավատքի ամուր հիմնասյուն, զորացման ու հույսի աղբյուր՝ ողջ հայության համար։ Ձեր հայրապետական օրհնությամբ պսակված են մեր մշակութային առաքելությունները, և Ձեր հոգածու հայացքի ներքո զորանում են սերունդներ՝խորին հայեցի դաստիարակությամբ։
Որպես ազգ՝ մենք կանգնած ենք ծանր փորձությունների ու խոր ցավերի շրջադարձին, սակայն Ձեր խաղաղարար ու մխիթարիչ ներկայությամբ հայ հոգին դարձյալ ուժ է առնում, որպեսզի ապրի, պայքարի ու հառնի։ Հենց այդ հավատքով ենք վստահ, որ Ձեր Սրբազան առաջնորդությամբ դեռ շատ վեհ նպատակներ պիտի դառնան իրականություն։
Թող Ամենազոր Աստված Ձեզ պարգևի երկնադիր առողջություն, անմար ներշնչանք և երկարակեցություն, որպեսզի շարունակեք առաջնորդել մեր ժողովրդին՝ լուսեղեն ուղիներով՝ դեպի հոգևոր վերածնունդ, համազգային զարթոնք և հավերժ հայրենյաց ամրացում։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ աջոյն՝
Ի դիմաց՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության
ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ