15-11-2025 | 17:18
Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով ապրում է Վաշինգտոնում։
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Աղբյուրները ինձ հայտնել են, որ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրողը։
Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն տեղեկությունը չմեկնաբանեցին։
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում։
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել էին, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
www.aysor.am