Արվեստագետի մասին
«Շմավոնյանի նկարներին նայելով` տեսնում ենք իմպրեսիոնիզմի, նաև Մարկ Շագալի ազդեցության արտացոլանք։ Նա այս ոճը ստեղծում է՝ օգտագործելով իր ներկապնակի վառ գույները, և վրձնի կախարդական բծերը ստեղծում են մեզ ճանաչելի թեմաներ։ Նրա կտավների թեմաներից են հայրենի բնաշխարհը, ժողովրդական տոները՝ ազգային տարազներով աղջիկների պարը։ Շմավոնյանը սիրում է իր ներկապնակը և միաժամանակ աշխատում է մի քանի կտավի վրա։ Նա համոզված է, որ իր վրձնի տեխնիկան կդառնա ճանաչված և ընդունելի ոճ։ Իր անցած ուղով՝ Շմավոնյանը Սարյանի հետևորդն է»
Ջուդի Սեկլեր
Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953 թվականին Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Սերում է Տեր-Շմավոնյանների գերդաստանից, որոնք Հայաստան են եկել Խոյից ու Սալմաստից 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո։
Նկարել սկսել է յոթ տարեկանից։ 1971-1975 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
Շմավոնյանի «Հավերժություն» կտավը՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ զոհված լոսանջելեսցի հրշեջների և ոստիկանների ընտանիքներին, գտնվում է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանում։ Նրա կտավներից գտնվում են ԱՄՆ-ի Սենատում, իսկ «Հույս» կտավը՝ Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում։
2011 թվականին Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող խորհրդում խորհրդատվական կարգավիճակ ունեցող ինֆորմատացման միջազգային ակադեմիան Շմավոնյանին շնորհել է ակադեմիկոսի պատվավոր կոչում։
2014 թվականին Մահթումկուլի Ֆրագիին նվիրված միջոցառումների շրջանակներում հայկական պատվիրակությունը Թուրքմենստանին է նվիրել Շմավոն Շմավոնյանի «Երկնային նժույգի թռիչքը» կտավը։
Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Աբու Դաբիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ստամբուլում, Ֆրանսիայում, Բեյրութում, Անգլիայում, Քուվեյթում, ԱՄՆ-ում։
Արժանացել է մի շարք պարգևների՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ (2007), Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2000), Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2011), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալ, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2016), Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատվոգիր ( 2017) ։