Արվեստագետի մասին
«Իմ քանդակներն իմ զավակներն են, որոնց ես երբեմն-երբեմն կարոտում եմ»
«Բոլոր նյութերի հետ աշխատելիս առաջնահերթը արտահայտչականությունն ու զգացմունքայնությունն է»
Լևոն Թոքմաջյան
«Լևոն Թոքմաջյան քանդակագործի համար նյութի ընտրությունը նույնն է,ինչ լավ ռեժիսորի համար դերասան ընտրելը: Նրա համար քարի մեջ կերպար տեսնելն է, մնացածը վարպետության խնդիր է, որին տիրապետում է գերազանց: Նա քարի մեծ վարպետ է»:
բանաստեղծ Համո Սահյան
«Թոքմաջյանի գործերում մեր ժամանակի արյունն է բաբախում և ես նրա գործերից մեծ հույսեր ունեմ»
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչար
«Լևոն Թոքմաջյանն ինձ քանդակել է այնպես, ինչպես կքանդակեր Նապոլեոնին: Անչափ գոհ եմ…»
ֆրանսահայ նկարիչ Գառզու
«Մարմարը փխրուն նյութ է, սակայն Թոքմաջյանի ձեռքի տակ այն դառնում է կարծր, հաստատուն: Մարմարից կերտած քանդակները քնարական են, սակայն Թոքմաջյանի ձեռքի տակ այն դառնում է հուժկու, մոլեգնող»:
բանաստեղծ, հրապարակախոս Վահագն Դավթյան
«Լևոն Թոքմաջյանի քանդակները, հատկապես մարմարե պորտրետները, ամուր բռնում են դիտողի օձիքից և ստիպում նայել, երկար նայել` հմայվելու, խորհելու ակնկալիքով»
իսպանացի քանդակագործ Պաբլո Սերանո
Լևոն Թոքմաջյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 16-ին Երևանում։ 1952-1957 թթ․ սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1963 թթ․՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, իսկ 1963-1975 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Երգել է Հայաստանի պետական երգչախմբում։
1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (1998, Բիշքեկ), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր։
Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է։
2010 թվականին Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008 թվականին, 2009 թվականին և 2010 թվականին Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։
2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Վահան Թեքեյան» մրցանակի։
Քանդակագործի ստեղծագործություններն ամենուր են՝ և Հայաստանի տարբեր քաղաքներում, և աշխարհի բազմաթիվ վայրերում․
«Անուշ և Սարո» (1973, բազալտ, Երևան, Աջափնյակ)
«Թռչող կռունկներ» (1976, մարմար, Պրիլեպ, Հարավսլավիա, «Մարմար-76» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ),
«Դանթե և Վերգիլիոս» (1982, մարմար, Ռավեննա, Դանթեի թանգարան, ոսկե մեդալ),
«Մաշտոց և Կորյուն» (1983, բազալտ, էջմիածին),
«Հյուսող կինը» (1984, մարմար, Թբիլիսի, Անդրկովկասյան կերպարվեստագետների 1-ին բիենալեի Մեծ մրցանակ),
«Մարտիրոս Սարյան» (1985, բրոնզ, Դոնի Ռոստով),
«Մարտիրոս Սարյան» (1986, մարմար, Երևան),
«Արամ Խաչատրյան» (1986, բրոնզ, կիսանդրի, Մարսելի կոնսերվատորիայի դահլիճ, 1989, բրոնզ, Մոսկվա),
«Կռունկներ» (1988, մարմար, Բուենոս Այրես),
«Վահան Թեքեյան» (1990, գրողի անվան դպրոցի մոտ)
«Ավո» («Մոնթե Մելքոնյան», 1994, ք. Մարտունի, ԼՂՀ),
«Լեոնիդ Ենգիբարյան» (1995, բրոնզ, Երևան),
«Ծաղկավաճառ ծերունի» քանդակ (Երևան) (1995, բրոնզ, Երևան),
«Նոյ նահապետ» (2000, մարմար, Երևան),
«Տիգրան Մեծ» (2000, մարմար, Երևան),
«Արգիշտի արքայի արձան» (2002, տուֆ, բազալտ, Երևան),
«Տիգրան Մեծ» (2004, վարդագույն մարմար, գրանիտ, Երևան),
«Հարություն Շմավոնյան» (2005, մարմար, Կալկաթա),
Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրի (2005, վարդագույն մարմար, Երևան)
«Տագնապ», 1915 թ. Հայոց եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձան (2011, Էջմիածին)։