Արվեստագետի մասին
«Ինձ համար շատ հաճելի է առնչվել նախշերի հետ․ ես համադրում եմ հայկական բազում նախշեր՝ այդ թվում հայկական կարպետագործության և գորգագործության»։
«Իմ նպատակն է, որ Մարաշի ասեղնագործությունը տարածվի և մեծ ճանաչում ունենա ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Երբ տեսնում եմ, որ Մարաշի ասեղնագործությունն ավելի զարգացած է, ինձ թվում է հասել եմ իմ տեսլականին»։
«Այս ժառանգությունն ինչպես պահել ենք Հալեպում, այդպես էլ պետք է պահենք և առաքելությամբ փոխանցենք միմյանց․ սա մեծ հարստություն է»։
Աիդա Սանթուրյան
Ասեղնագործ Աիդա Սանթուրյանը ծնվել է Հալեպում, մարաշցի ընտանիքում։
Ասեղնագործել սկսել է փոքր տարիքից՝ ինչպես տան, այնպես էլ նվիրելու նպատակով։ Մասնագիտությամբ մանկավարժ է, որին զուգահեռ մշտապես զբաղվել է ասեղնագործությամբ։
Հայաստան տեղափոխվելուց հետո կատարելագործել է ասեղնագործության հմտությունները, հատկապես՝ Մարաշի ասեղնագործությունը։
Մարաշի ասեղնագործությունն արվում է տարբեր կտորների վրա՝ մուսլին, քաթան, կաշի։ Աիդա Սանթուրյանը գործում է՝ ավանդականը զարգացնելով առավել նորարարական առարկաների վրա, որ նոր սերունդը ընդունի և փոխանցի այն սերնդեսերունդ։
Հայաստան տեղափոխվելուց հետո Աիդա Սանթուրյանը մասնակցել է բազմաթիվ դասընթացների՝ իր առաքելությունը համարելով ասեղնագործությունը՝ իբրև ժողովրդի պատմություն և մշակույթ, վերականգնի և զարգացնի Հայաստանում այնպես, ինչպես Սիրիայում։
Աիդա Սանթուրյանի աշխատանքները ներկայանում են «ARIKA» ապրանքանիշի ներքո, որ նշանակում է մշակույթ, արվեստ, ժառանգություն և առաքելություն։ «ARIKA»-ն այսօր ձգտում է լայն ճանաչում գտնել աշխարհի տարբեր երկրներում՝ տարածելով հայ ասեղնագործության հարուստ ավանդույթները, մշակույթն ու պատմությունը։
«Arika»-ն համագործակցում է սիրիահայ ասեղնագործ վարպետների, դերձակների և տարբեր ոլորտների փորձառուների հետ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում «Arika»-ն բազմիցս մասնակցել է ցուցահանդեսների։