CHOOSE YOUR LANGUAGE
×
Անատոլի Ավետյան

Անատոլի Ավետյան

Նկարիչ, քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ

Արվեստագետի մասին
  •  Արվեստագետի մասին Արվեստագետի մասին
  • Ընտրանի Ընտրանի
  • Հոդվածներ Հոդվածներ

Արվեստագետի մասին

«Արարում եմ ինչպես կամենում եմ, ինչ կամենում եմ և ինչով կամենում եմ: Սիրում եմ գույնը, ձևը, գիծը, ծավալը, ֆակտուրան: Չեմ հարում որևէ ոճի, բնույթի, ուղղվածության: Նյութերի բազմազանույթունը և ամենօրյա փորձարկումները իմ տարերքն են: Ես երջանիկ եմ: Ես ազատ եմ արվեստում»

«Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի․ հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»

Անատոլի Ավետյան

Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 5-ին Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկ քաղաքում։ 1967-ից մշտական բնակություն է հաստել Հայաստանում (ք. Վանաձոր):
1969թ-ին  ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան  գեղարվեստի ուսումնարան, իսկ 1972-ին՝ Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան: 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1976-ին Իսլանդիայում մասնակցել է «Հայաստանի արվեստը» խորագրով ցուցահանդեսին: 1983-ին անհատական ցուցահանդես է ունեցել Հայաստանի Ժուռնալիստների տանը, երկրի պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված Հայաստանի մշակույթի  օրերին:

1984-ին մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին:
1988 - ին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ:
1989-ին Շվեյցարիայում մասնակցել է «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին:
1992-ին անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների տանը,  Փարիզի «Դե Մոնպառնաս» պատկերասրահում:

1993-ին Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հրավերով անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզի քաղաքապետարանում, բարեգործական ցուցահանդեսներ Չիկագոյում և Բոստոնում, Լոս-Անջելեսում։

Անատոլի Ավետյանը տարբեր տարիներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև Հալեպում, Մոսկվայում, Կահիրեում, Բեյրութում Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում, Դոնի Ռոստովում Վաշինգտոնի «Ութըրգեյթ» պատկերասրահում, Չիկագոյում և Ատլանտայում, Հայաստանի Ազգային պատկերասրահում (մի քանի անգամ), Մոսկվայի նկարիչների կենտրոնական տանը, Վանաձորում, Գորիսում և այլուր։ 

Ընդունվել է Նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO:

2005-ին քանդակների անհատական ցուցահանդես «Նրանք սպասում էին ձեզ միլիոնավոր տարիներ» խորագրով։
2006-ին ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում։
2008-ին ընտրվել է ՀՀ նկարիչների միության վարչության անդամ:
2009-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:
Պարգևատրվել է Լոռու մարզի ոսկե հուշամեդալով, ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, Նախարարության պատվոգրով:
2017 - Շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:
Վանաձորի քաղաքի պատվավոր քաղաքացի է: 
Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունենում իր ծննդյան հոբելյաններին։

2018-թվականին Նկարիչների միության կողմից արժանացել է «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակին։
2021 ֊շնորհվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության՝ «Վահան Թեքեյան» մրցանակի։

Անատոլի Ավետյանի աշխատանքները պահպանվում են Արևելքի ժողովուրդների թանգարանում, Մոսկվայում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ազգագրական թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Մշակույթի նախարարության ֆոնդում, Գեղարվեստի  ֆոնդում, ԱՄՆ Բոստոն քաղաքի «ԱԼՄԱ» թանգարանում, Ս. Փարաջանովի տուն-թանգարանում, ՀՀ Նախագահական պալատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում, Փարիզի քաղաքապետարանում, Վատիկանում` Հռոմի Պապի հավաքածուում:

Նկարչի ստեղծագործություններից շատերը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի նախագահների սեփականությունն են: