CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հիմնադրվել է 1990 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ Միության հիմնադրումը կարծես վերահաստատումը եղավ 1947 թվականին Բեյրութում ծնունդ առած Թեքեյան մշակութային միության, որը մինչ օրս բացառիկ դերակատարում ունի սփյուռքի կրթական, գիտական, մշակութային և գրահրատարակչական գործունեության մեջ։

Գործունեության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Միության առաքելությունը եղել է հայկական մշակույթի պահպանումն ու տարածումը, հայազգի արվեստագետների հանրահռչակումը հայրենիքում և նրա սահմաններից դուրս։ Այդ առաքելությունն այսօր էլ անփոփոխ է, քանի որ www.armtmm.com կայքի միջոցով Միությունը հանդես է գալիս մշակութապահպան առաքելությամբ՝ ներկայացնելով բացառապես հայկական մշակույթը, հայազգի նշանավոր հեղինակներին և նրանց ստեղծագործությունները։ Կայքում կարևոր տեղ է տրվելու նաև լուրերին՝ թարմացման ամենօրյա ռեժիմով։ Դրանք կլուսաբանեն հանրությանը հետաքրքրող իրադարձությունները, նորությունները ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Թեև Միությունը մինչ օրս հանդես է եկել միայն հայ մշակույթին վերաբերող ծրագրերով, սակայն մոտ ապագայում նախատեսում ենք ընդլայնել գործունեության սահմանները՝ ներգրավելով նաև օտարերկրյա ստեղծագործողների և կազմակերպությունների։

Հիմնադրման օրից Միությունն իր գործունեությունն ուղղել է նաև հայապահպանությանը, հայրենիք- սփյուռք կապի ամրապնդմանը․ այն եղավ սփյուռքից ժամանած գեղարվեստական խմբերի հիմնական հյուրընկալողը, իսկ Հայաստանի արվեստագետների ներկայությունը սփյուռքում նպաստեց Մայր հայրենիքի հետ սփյուռքայության կապվածությանը։ Այսօր էլ Միությունը կազմակերպում է հայազգի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմի դիտումներ և մշակութային ուղղվածության տարբեր միջոցառումներ։ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ամուր կապեր ունի նաև արևմտահայ մեծանուն բանաստեղծի անունը կրող հայաստանյան դպրոցների հետ՝ իրականացնելով մշակութային և ուսումնամեթոդական ծրագրեր։ 

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունն իր բազմաբովանդակ գործունեության շնորհիվ դարձել է երկրի ճանաչված և հեղինակավոր մշակութային կառույցներից մեկը։ Տարբեր տարիներին կազմակերպությունը ղեկավարել են ականավոր կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը, անվանի գրականագետ, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը․ նրանց նախաձեռնությամբ սահմանվեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը, որին արժանանում էին հայ ժողովրդին ու ազգային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած անձինք։ 1992 թվականից Միությունն անցկացրել է նաև մշակույթի և գրականության՝ «Վահան Թեքեյան» և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխություններ։ 

2003 թվականից մինչ օրս Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն է։ 

Կազմակերպության կանոնադրությունը՝  ստորև։