About the Winner
Ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
Մանկուց տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոզի հետ հանդես է եկել կաբարեում: Առաջին երգը` «Ես հարբած եմ (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մrցանակին: Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին` Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է (մի մասը` երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակությամբ), այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մաման», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Ավե Մարիա» եւ այլն: Դրանց կատարողներից են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով:
Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվել է կինոյում` «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան եւ տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) եւ այլն: Ազնավուրը մշտապես սատար է կանգնել Հայաստանին: Հայկական թեմաներով են նրա ««Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), ««Ինքնակենսագրություն» երգերը: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը:
Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը:
2009թ. Հայաստանի Թեքեյան Մշակութային միությունը մեծանուն երգչին պարգեւատրել է միության բարձրագույն պարգևով՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով: