About the Winner
Ծնվել է 1930թ. սեպտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքում: Ավարտելով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը` ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Շուրջ տասնհինգ տարի զբաղվել է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի եւ հարակից շրջանների ձեռագիր-մատյանների ուսումնասիրությամբ` ստեղծելով երեք մենագրություն եւ մեկ պատկերագիրք:
1989թ. լույս տեսան Հր. Հակոբյանի տքնաջան աշխատանքի առաջին արդյունքները` «Արցախ – Ուտիքի մանրանկարչությունը XIII - XIV դարերում», եւ «Արցախի միջնադարյան արվեստը» մանկավարժական գրքերը երեք լեզուներով:
1989թ. Հրավարդ Հակոբյանը աշխատանքի է անցնում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ընտրվում ամբիոնի վարիչ: Հ. Հակոբյանը հեղինակում է «Հայ արվեստի աշխարհում», «Համաշխարհային եւ հայ արվեստի պատմության ուղեցույց» եւ «Կերպարվեստը Հայոց կրթարաններում» արվեստի ուսուցման պատմության առաջին հատորը: Ի թիվս գիտական այլ գրքերի 2003թ. լույս տեսավ նրա «Հայոց Տերունական Սրբապատկերները» եզակի աշխատությունը:
2005թ. ՀՀ նախագահի հրամանագրով Հր. Հակոբյանին շնորհվում է գիտության վաստակավոր գործչի կոչում։
2009թ. Հր. Հակոբյանի համահեղինակությամբ հրատարակված «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը արժանացել է ՀՀ պետական մrցանակի:
Հր. Հակոբյանը մի շարք համալսարանների գիտական խորհուրդների անդամ է, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր: Արժանացել է բազմաթիվ մեալների եւ շքանշանների:
2010թ. Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը անվանի արվեստաբան-գիտնականին պարգեւատրել է «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով: