Մրցանակակրի մասին
Արտեմ Սարգսյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 28-ին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր է, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1986 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։
Նրա լեզվաբանական աշխատությունները նվիրված են գրաբարի կառուցվածքային նկարագրությանը՝ ժամանակակից ճշգրիտ մեթոդների կիրառմամբ, արևմտահայերենի կառուցվածքային նկարագրությանը՝ հնչյունաբանություն, բառապաշար, քերականություն, արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քննությանը, լեզվաբանական աշխարհագրության և հանրալեզվաբանության հիմնախնդիրներին։ Դասավանդել է Հայաստանի մի շարք բուհերում և Սփյուռքի կրթօջախներում։ 1972-1982 թվականներին դասավանդել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, իսկ 1992-1996 թվականներին՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում՝ միևնույն ժամանակ լինելով կրթական հաստատության տեսուչը։ 1978 թվականից Առաջին ալիքի, ապա՝ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հիմնել և վարել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավարն է։ Եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։
2008թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վասն Թեքեյան» մրցանակի` «Դարը» հեռուստահաղորդաշարի համար: