03-10-2024 | 18:54
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններ:
Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի մրցույթը ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում: Քննարկվել է նաև Աղձք պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և արգելոցի տարածքին միացնելու հարցը:
Հաջորդ կանգառը Օհանավանի տարածքում էր՝ Քասախի կիրճում, որտեղ բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Մասնագետները շրջայց են կատարել նաև 10-15-րդ դարերի «Սերկևիլ» գյուղատեղիի, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, պարսպի և կիկլոպյան ամրոցի տարածքներում: