06-12-2024 | 21:25
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի «Սև այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը մարտի 19-ին ցուցադրվել է դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնում, որտեղ էլ տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Մոտ ապագայում ֆիլմը կցուցադրվի նաև Գերմանիայում և Իտալիայում։
orer.eu-ի հաղորդմամբ, 80 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի և բելգիական Naoko films ընկերության համատեղ նախագծով։ Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, ովքեր ապրում էին Արցախում։ Ալեքսիսը չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, և թե՛ արցախցիների մտածումները։
orer.eu-ին տված հարցազրույցում ասել է. «Ես առաջին անգամ այցելեցի Թալիշ 2016 թվականին՝ որպես Vice France-ի լուսանկարիչ։ Դա 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ներխուժումից հետո էր, որը հայտնի է որպես Քառօրյա պատերազմ: Այնուհետև ես որոշեցի վերադառնալ և վավերագրական ֆիլմ նկարահանել 2019 թվականի դեկտեմբերին, արդեն ստեղծագործական թիմով՝ Ֆաբիեն Ֆորի, Սիլվեն Շոյի և Ադրիանո Սերոնեի հետ։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչու են ընտանիքները վերադառնում այնտեղ՝ չնայած պատերազմի սպառնալիքին:
Թալիշը սահմանին ամենամոտ գյուղն էր, և որոշ շրջաններ գտնվում էին դիպուկահարների նշանառության տակ։ Ի սկզբանե մտադիր էի կենտրոնանալ միայն Թալիշ գյուղի ռազմաբազայի զինվորների վրա։ Իմ ֆիլմի հերոս Էրիկին հանդիպեցի զորանոցում։ Նա տանկի վարորդ էր, և ես անմիջապես կապ զգացի այս երիտասարդի հետ։ Կրակոցներին զուգահեռ մենք մնում էինք Թալիշ գյուղում և դպրոցում շատ ժամանակ էինք անցկացնում ուսուցիչների հետ։ Հետո մենք հանդիպեցինք ֆիլմի մյուս հերոսներին՝ երկու երեխաներին, և ես անմիջապես սիրահարվեցի նրանց։ Մենք որոշեցինք այդ պահին հետևել նրանց, և դա շարունակվեց չորս տարի»։