25-01-2025 | 12:24
Ազգային արխիվի նորաբաց ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ցուցադրությունը։
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են ինչպես Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերում պահպանվող Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության վերաբերյալ նորահայտ արխիվային փաստաթղթերը, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից բերված մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերը։
Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը:
«Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,- ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:
Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը: