17-01-2025 | 19:30
Պատկերացրեք աղբի մի «սար»: Եվ քանի որ այդ կույտն արդեն գոյություն ունի, քանի որ «բոլորն են այդպես վարվում», ոչինչ չի պատահի, եթե ես իմ փոքրիկ «ցելոֆանը» գցեմ այդ կույտի վրա: Թե՞ կպատահի:
…2018 թվականին ՀՀԿ-ականներին չէին թողնում խանութ մտնել (իհարկե, նրանց, ովքեր անձամբ խանութ էին գնում, ոչ թե իրենց վարորդներին էին ուղարկում), հայհոյում էին եւ անիծում: Աղբի կույտն առաջացած էր, որոմը ցանած էր, քաղհան անելու փորձը հանդիպում էր կոշտ դիմադրության: Իսկ մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդը տրանսպորտում վիրավորել է ՔՊ-ական պատգամավորին:
Կույտը մի փոքր մեծացավ: 2008 թվականի մարտի 1-ին օլիգարխների զինված բանդաները ֆիզիկական հաշվեհարդար էին տեսնում ցուցարարների հետ: Օրերս դիմակավորված հանցագործները (գուցե նույն օլիգարխների նույն բանդաների՞ց) հարձակվել եւ խոշտանգել են նույն երիտասարդին այն պարագայում, երբ նա գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ, իսկ բարձրաստիճան ՔՊ-ականները (փողոցում մարդկանց վրա թքող, ԱԺ-ում քացով կռիվ անող) բոցավառ կոչեր էին անում՝ պատժել խուլիգանին: Բավականին շոշափելի նոր աղբակույտ է: Պատգամավորն ԱԺ միջանցքում հարցերին պատասխանելու փոխարեն հարձակվում է լրագրողի վրա:
Մեր պրակտիկայում դա առաջին դեպքը չէ՝ հիշեցի Նահապետ Գեւորգյանին («Նավոյին») եւ Հակոբ Հակոբյանին («Ճոյտին»): Ինչպե՞ս վարվել: Ագրեսիային ագրեսիայո՞վ պատասխանել, վիրավորանքներին վիրավորանքներո՞վ: Ո՛չ: Նորից, եթե հարցեր առաջանան, մոտենալ նույն պատգամավորին եւ հանգիստ հարցեր տալ: Հակառակ դեպքում աղբի եղած կույտին ավելացնելու ենք մեր փոքրիկ «ցելոֆանե տոպրակը»:
Վաղը կլինեն նոր օլիգարխներ, նոր բանդաներ, թույլ նյարդային համակարգով նոր պատգամավորներ, իսկ խոշտանգողներն ու խոշտանգվողները գուցե կփոխվեն տեղերով: Եկեք անկեղծ լինենք, մենք՝ լրագրողներս, միայնակ դա չենք կարող կանխել: Բայց մենք կարող ենք չարությունը, ատելությունը, ագրեսիան, կարճ ասած՝ աղբը, չավելացնել: Գուցե ոմանք հետեւեն մեր օրինակին: «Օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին»: Դա կյանքից կտրված «իդեալիզմ» չէ: Դա հասարակությունն առողջացնելու ծրագիր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ