24-01-2025 | 21:29
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։
Ապրիլի 7-ին կայացած բանակցություններին մասնակցել են պատվիրակություններ նաև Իսրայելից, Կատարից, ԱՄՆ-ից։
«Օկուպացիոն ուժերի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, հետևաբար, Կահիրեի բանակցություններում ոչ մի նորություն չկա։ Առայժմ ոչ մի առաջընթաց չկա», – Reuters-ին հայտնել է պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։
Եգիպտոսի պետական Al-Qahera հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 33 100-ը։