01-05-2024 | 15:54
Google-ը աշխատանքից ազատել է 28 աշխատակիցների, ովքեր բողոքել են կորպորացիայի՝ Իսրայելի կառավարության հետ կնքած պայմանագրի դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության ներսում շրջանառվող՝ Google-ի գլոբալ անվտանգության փոխնախագահ Քրիս Ռակովի նամակին։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել կորպորացիայի գրասենյակների մոտ՝ Նյու Յորքում և Կալիֆորնիայի Սաննիվեյլում։ Աշխատակիցները բողոքել են Google-ի՝ Իսրայելի իշխանությունների հետ ամպային հաշվարկների պայմանագրի դեմ:
Նամակում Ռակովը բողոքի ցույցերն անվանել է «անընդունելի և ծայրահեղ խանգարող»: Նա ասել է, որ ցուցարարները ստիպել են մյուս աշխատակիցներին «վտանգ զգալ»:
«Մեր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ճիշտ է անում։ Եթե դուք այն քչերից եք, ովքեր հակված են կարծելու, որ մենք անտեսելու ենք մեր քաղաքականությունը խախտող վարքագիծը, նորից մտածեք»,- ասվում է փոխնախագահի նամակում։
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընկերության 28 աշխատակիցների աշխատանքից հեռացնելն անվանել են «հստակ ապացույց, որ Google-ը գնահատում է իր 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրն Իսրայելի ցեղասպան կառավարության և զինվորականների հետ ավելի շատ, քան գնահատում է իր աշխատողներին»:
Կորպորացիայի աշխատակիցների բողոքի ակցիաները տեղի են ունեցել ապրիլի 16-ին։ The Wall Street Journal-ը գրում է, որ Նյու Յորքում 10-ժամյա նստացույց է կազմակերպվել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառ են վերցրել, որի վրա գրված է եղել՝ «Ո՛չ տեխնոլոգիաներին՝ հանուն ցեղասպանության»: Ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու։