04-12-2024 | 21:56
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի Վարշավա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ընդլայնել միջուկային զենքի տեղակայման գոտին:
«ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է Սթոլթենբերգը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ստոլտենբերգն ու Սունակը Լեհաստանում բրիտանական զորքերի տեղակայման վայր են այցելել։
Բրիտանական կառավարության ղեկավարը նշել է, որ Լոնդոնը նախատեսում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի, ինչը գերազանցում է նույնիսկ արևմտյան ռազմական դաշինքի անդամ երկրների համար ՆԱՏՕ-ի ղեկավարության հայտարարած պաշտպանական ծախսերը։ Ռիշի Սունակի Լեհաստան կատարած այցից առաջ բրիտանական նախարարների կաբինետը հայտարարել էր Ուկրաինային մինչ օրս երկրի ամենամեծ օգնության՝ 500 միլիոն ֆունտ ստեռլինգի հասնող փաթեթի մասին:
Ուկրաինային սահմանակից Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ հայտարարել է, որ Վարշավան բաց է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից միջուկային զենքը Լեհաստանի տարածքում տեղակայելու համար: Ըստ Fakt-ի՝ Դուդան ասել է, որ եթե դաշնակիցները որոշեն նաև Լեհաստանի տարածքում միջուկային զենք տեղակայել որպես միջուկային փոխանակման մաս՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ամրապնդելու նպատակով, Վարշավան չի առարկի:
Ի պատասխան Դուդայի այս հայտարարության, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ դա բացարձակ մասշտաբային և բավական լուրջ գաղափար է, հավելելով, թե կուզենար իմանալ բոլոր այն մանրամասները, որոնք նախագահին դրդել են նման հայտարարություն անելու:
Կրեմլը, մեկնաբանելով Լեհաստանի նախագահի խոսքերը, հայտարարել է, որ Լեհաստանում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման դեպքում ՌԴ զինվորականներն անհրաժեշտ պատասխան միջոցներ կձեռնարկեն։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ անհրաժեշտ ամեն ինչ կանեն Ռուսատանի անվտանգությունը երաշխավորելու համար: