09-09-2024 | 11:20
«Թեքեյան» կենտրոնում բացվեղ գեղանկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Մելքոն Հովհաննիսյանի «Մոռացված մեղեդի» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրության են ներկայացվել գեղանկարիչ տարբեր տարիների շուրջ 40 ստեղծագործություն։
Ի դեպ, նույնանուն խորագրով շարքի համար Մելքոն Հովհաննիսյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գեղանկարիչներ, արվեստաբաններ, արվեստասեր հյուրեր։
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը շնորհավորեց գեղանկարչին ցուցադրության առթիվ, մաղթեց արգասաբեր ստեղծագործական ուղի։ Պրոֆեսոր Հակոբյանը կարևորեց գեղանկարչի ստացած մասնագիտական կրթությունը և վստահեցրեց՝ դրա արդյունքը հենց այս ցուցադրությունն է, որում կավճամատիտի նուրբ քողի տակ նշմարվում է երազկոտ նկարչի կերպարը և այն աշխարհը, որին յուրաքանչյուրը կուզեր ներթափանցեր։
Գույների համադրված խաղ, եթե փոքր ինչ աղոտ, ուրեմն՝ միտումնավոր, որպեսզի հատկապես հերոսուհին՝ կինը, ավելի առեղծվածային ու խորհրդավոր լինի, ինչպես երազանքը։ Բայց նրա կերպարներն իրական են, եթե անգամ իրենց կեցվածքով ուշ միջնադար են հիշեցնում, իսկ բնաշխարհը, ծաղիկները մեր իմացած բնաշխարհի ու ծաղիկների գեղարվստական հայելին չեն, այլ նորից... խորհրդավոր ու առեղծվածային։
«Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը խոսեց արվեստագետի կոչման և առաքելության մասին և հավելեց՝ նկարիչները կարծես առաքյալներ լինեն, որ գալիս են աշխարհն էլ ավելի լավը դարձնելու համար։ Նա բարձր գնահատեց Մելքոն Հովհաննիսյանը արվեստը՝ նուրբ դեղինի և բոսոր կարմիրի աշխարհը, որը դիտողի սիրտը լցնում է ջերմությամբ և և սիրով։
Գեղանկարչի աշխարհում գույների ծով է, բայց այդ աշխարհը փխրուն է ու խոցելի։ Մելքոն Հովհաննիսյանը քովիդի ու պատերազմի ժամանակ նկարակալին ու ներկապնակին համարյա չի դիպել, բայց հետո իր մեջ ուժ է գտել, որը իրականությանը հաղթելու միջոց է ու սկսել է ստեղծագործել։ Գեղանկարիչը հմտությունները զարգացնելու, յուղաներկ-պաստել անցումներն ավելի հմտացնելու նպատակ ունի։
Մելքոն Հովհաննիսյանի աշխատանքները նախկինում էլ բարձր են գնահատվել՝ ներկայացվելով միջազգային սիմպոզիումներում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Լիբանանի ցուցահանդեսներին։ Մելքոն Հովհաննիսյանը նաև գրաֆիկական, գոբելեն աշխատաքնների հեղինակ է, զբաղվում է նաև քանդակագործությամբ։
Գեղանկարիչը շնորհակալություն հայտնեց ցուցադրությունը կազմակերպելու համար,
«Թեքեյան» կենտրոնում ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։ Արվեստասեր հանրությանը հրավիրում ենք հաղորդակցվելու գեղանկարչի գունային աշխարհին։