04-12-2024 | 21:56
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է: Դրա մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Կիև չհայտարարված այցի ընթացքում անցկացված մամուլի ասուլիսում։ «Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»,- ասել է նա՝ նշելով, որ մինչև հուլիսի 9-11-ի գագաթնաժողովը ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա պայմանավորվել Կիևին դաշինք հրավիրելու շուրջ։
«Մեզ պետք է կոնսենսուս. որ ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամները համաձայնեն: Չեմ կարծում, թե հուլիսին անցկացվելիք գագաթնաժողովում դրա շուրջ համաձայնություն լինի, բայց մենք ցույց կտանք, որ Ուկրաինան մոտեցնում ենք ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, և դա ժամանակի հարց է։ «Հավատացեք ինձ, մենք քրտնաջան աշխատում ենք այս ուղղությամբ: Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է»,- ընդգծել է Ստոլտենբերգը։