08-12-2024 | 15:58
Ես հիշում եմ մի էպիզոդ՝ կապված «Նռան գույնի» հետ: Պրեմիերայից հետո՝ գիշերվա ժամը 2-ին, «Երևան» հյուրանոցի իմ դուռն է թակում ազնվական արտաքինով, բաց գույնի կոստյումով, ճաղատ, հմայիչ մի անձնավորություն, որը ժպտալով ներկայանում է.
- Բաբկեն Ներսիսյան:
Ես զարմացա այդ այցելությունից, որովհետև իսկույն ճանաչեցի իրեն՝ Թիֆլիսի Շահումյանի անվան հայկական թատրոնի լավագույն դերասաններից մեկին (ի դեպ, որի Երևան գալը ծանր նստեց թատրոնի վրա, երևի թե չպետք է գար), Բաբկեն Ներսիսյանին, որին գիտեի նաև հեռուստատեսային «Սայաթ-Նովա» ֆիլմից: Գիտեի, որ իր ֆիլմը հաջողություն է ունեցել հանդիսատեսի մոտ, ի վերջո ուղի էր հարթել դեպի հանդիսատեսի սիրտը և այն էլ՝ բավականին լայն: Եվ ահա Բաբկեն Ներսիսյանը եկել էր իր փառքի ու հաղթանակի դափնեպսակն ինձ նվիրելու: Եկել էր քաղաքացիական իր պարտքը կատարելու, և դա ինձ համար արժեր ամեն բան: Դա բարձրագույն գնահատականն էր, որ կարող էր տալ հայ մտավորական մարդը…
Պատմում է Սերգեյ Փարաջանովը