08-12-2024 | 15:58
Վլադիմիր Պոզները համաշխարհային երևույթ է։ Մոլորակի վրա ամենահայտնի մարդկանց համար պատիվ է նրա հաղորդմանը հյուր լինելը։ Այս հեղինակությունը Պոզները վաստակել է սուր մտքի, դիպուկ ու խորաթափանց հարցերի, դիմացինին ուղնուծուծով ճանաչելու և անչափ տեղեկացված լինելու շնորհիվ։
Երջանկահիշատակ Սերգո Երիցյանը հետաքրքվել է նաև Վլադիմիր Պոզների գործունեությամբ, հատկապես որ նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել, ուսումնասիրել է արցախյան հիմնահարցը, հայոց պատմությունն ու մշակույթը և հարցազրույցների է հրավիրել կշիռ ունեցող հայերի՝ մշակութային գործիչներից մինչև Հայաստանի նախագահներ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը հավաքել, ի մի է բերել Վլադիմիր Պոզների վարած հենց այդ հարցազրույցները, նաև 2019-ին նրա երևանյան հանդիպումները, ելույթները, դրանք թարգմանել է հայերեն և ամփոփել «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուում։
Գիրքը պատմում է նաև Պոզների ընտանիքի, Հայաստանի հետ կապի մասին, որն սկսվում է նրա ամուսնությամբ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Ջեմբերջիի հետ։
Ժողովածուն լույս է տեսել 2022 թվականին, սակայն Սերգո Երիցյանը չհասցրեց տեսնել գրքի շնորհանդեսը։ Այն տեղի ունեցավ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում՝ մտավորականների, Սերգո Երիցյանի հարազատների, ընկերների ու մտերիմների մասնակցությամբ, որոնց համար փորձառու լրագրողի անցած ճանապարհը մասնագիտական որակի չափանիշ է։
Սերգո Երիցյանը 100-ից ավելի գրքերի հեղինակ է։ Ամբողջ կյանքում հետևելով լրագրողի իր կոչմանը՝ նա աշխարհով մեկ փնտրել է հայկական հետքը, նաև հրատարակություններ պատրաստել հայերի հետ առնչություն ունեցող գործիչների մասին։ Նրա գրքերը տեղեկատվական շտեմարաններ են ու լրագրության ձեռնարկներ։
«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուն ևս տեղեկատվական աղբյուր լինելուց բացի, նաև կարող է դասագիրք լինել լրագրողների համար՝ ինչպես պետք է հարցազրույց վերցնել, ինչ պետք է անել զրուցակցին անկեղծության մղելու և ստացված զրույց ունենալու համար՝ Վլադիրմիր Պոզների օրինակով։
Հայ ընթերցողն այս ժողովածուով կբացահայտի, կճանաչի Պոզներին ու նրա միջոցով կբացահայտի, կճանաչի համաշխարհային գործչներին, համաշխարհային երևույթներն ու իրադարձությունները՝ ոչ սովորական՝ Պոզների մատուցմամբ։