06-12-2024 | 21:25
Կիևը վրդովված է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի չընդունման դեպքում Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող վտանգի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունից։ Դրա մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մեր երկրի անունը նման անհարգալից համատեքստում օգտագործելն էլ լրացուցիչ վնաս է հասցնում վրաց-ուկրաինական հարաբերություններին։ Վրաստանին սպառնացող իրական վտանգը ոչ թե առասպելական «ուկրաինացումն» է, այլ ռուսականացումը»,- ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Կիևը մտահոգություն է հայտնել Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրման առնչությամբ՝ պայմանավորված Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկմամբ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել հարգելու Վրաստանի քաղաքացիների խաղաղ ցույցերի իրավունքը և լարված իրավիճակից դուրս գալու լուծումը փնտրել կառուցողական երկխոսության միջոցով: