03-11-2024 | 20:15
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը, որն այժմ արգելված է միայն Ֆրանսիայում:
X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ կազմակերպությունը հիշեցնում է վերջերս Բելգիայի մի քանի քաղաքներում քրդերի և «Գորշ գայլերի» կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումները։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ԵՄ միակ երկիրը, որն արգելել է «Գորշ գայլերը»,Ֆրանսիան է, և Եվրախորհրդարանի անդամները համապատասխան կոչով դիմել են դեռևս 2021 թվականի մայիսին։
Ինստիտուտում կարծում են, որ «Գորշ գայլերը»՝ որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի կրող, սպառնալիք է ծայրահեղական գաղափարախոսության պատճառով ոչ միայն քրդերի, այլև այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ու ասորիների համար։