
07-02-2025 | 12:13
Միացյալ Նահանգները մտադիր է դեմ քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամակցությանն առնչվող բանաձեւի նախագծին։ Դրա մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ «երկու պետություն» սկզբունքով խնդրի լուծմանը, սակայն ՄԱԿ-ին զգուշացրել է ձեռնպահ մնալ «հապճեպ գործողություններից», քանի որ դրանք, ըստ պետքարտուղարության, Պաղեստինին չեն օգնի պետականություն ձեռք բերել:Պատելը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն կաստատվի միայն «երկու պետություն» սկզբունքով, ինչպես նաև պայմանով, որ Իսրայելի անվտանգությունը երաշխավորված լինի:
ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան հավելել է, որ Պաղեստին պետականություն տանող ամենաարագ ճանապարհն Իսրայելի և Պաղեստինի ազգգային իշխանությունների միջև ուղիղ բանակցություններն են՝ ԱՄՆ-ի և այլ գործընկերների աջակցությամբ: Պատելը նշել է, որ չլուծված է մնում հարցը՝ Պաղեստինը բավարարելո՞ւ է արդյոք պետություն համարվելու համար պահանջվող չափորոշիչները: Նա նաև ընդգծել է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ներկա պահին իշխանություն և ազդեցություն ունի Գազայի հատվածում։