
«Վահան Թեքեյան» մրցանակ
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1992 թվականից․ 2003 թվականից այն կանոնակարգվեց և դարձավ ամենամյա։
*Հաղթողներն արժանանում են դրամական պարգևի և «Վահան Թեքեյան» մրցանակի։
Մրցանակաբաշխությունն անցկացվել է 30-րդ անգամ, որին մասնակցել են հարյուրավոր արվեստագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ՝ «Շաքե Թեքեյան-Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր անվանակարգերում՝ մրցանակներ շնորհելով մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։ Այս տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվել մշակույթի, գիտության, արվեստի երկու հարյուրից ավելի գործիչների։
2023 թվականին «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց «Գրականություն», «Հայագիտություն», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում։
Մրցույթին մասնակցելու սկզբունքները․
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ԶԼՄ-ների միջոցով տարածում է տեղեկատվություն՝ մրցույթի մեկնարկի, հայտերի ընդունման ժամկետների և մասնակցության սկզբունքների վերաբերյալ։ 2023 թվականից սկսած՝ «Վահան Թեքեյան» մրցույթի հայտերը կլրացվեն առցանց՝ կցելով մրցույթի պահանջներին վերաբերող նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ գիրք, ստեղծագործության նկար, հղումներ և այլն։
*Մասնակիցների հայտերն ուսումնասիրում են մասնագիտական հանձնաժողովները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում մրցույթի մասնակիցներից։
*Մրցույթի բոլոր մասնակիցները հրավիրվում են «Վահան Թեքեյան» եզրափակիչ ձեռնարկին, որի ընթացքում հանձնաժողովների նախագահները ներկայացնում են հաղթող հեղինակի կամ ստեղծագործության արժանիքները, հանձնաժողովի անդամների գնահատականները։
